ՔՈԼԵՋԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Հանրապետությունում քիմիական արդյունաբերության զարգացմանը զուգահեռ, քիմիկ-տեխնոլոգներ պատրաստելու պահանջով, 1932 թվականին ինդուստրիալ տեխնիկումում գործող քիմիական մասնագիտության բաժնի բազայի վրա հիմնադրվեց Երևանի քիմիա-տեխնոլոգիական տեխնիկումը, որը 1985 թվականին վերանվանվեց Երևանի պոլիտեխնիկական տեխնիկում, իսկ 2000 թվականին` Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ:
Քոլեջն ունի հմուտ, երկարամյա մանկավարժական աշխատանքային փորձ ունեցող դասախոսական կազմ և համալրվում է նոր, երիտասարդ ու բանիմաց մասնագետներով: Քոլեջի ողջ դասախոսական ու վարչական կազմն աշխատում է ժամանակի պահանջներին համահունչ, կազմակերպում արդիական կրթական գործընթաց, պատրաստում որակյալ և մրցունակ մասնագետներ: Դասախոսական անձնակազմը մշտապես մասնակցում է վերապատրաստման գործընթացների: Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջն իրականացնում է նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթություն՝ իր գերխնդիրը համարելով որակյալ կրթության ապահովումը, արդյունավետ ուսումնական, մեթոդական, հետազոտական, դաստիարակչական գործունեության ծավալումը: Քոլեջի բովանդակային, կառուցվածքային և գործառութային բարեփոխումները միտված են Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերի իրագործմանը:
Քոլեջի նպատակն է ապահովել մասնագետների մրցունակության բարձրացումը աշխատաշուկայում, կրթական ծրագրերի համապատասխանեցումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, նպաստել ազգային և համամարդկային ոգով դաստիարակված անձի և քաղաքացու համակողմանի ձևավորմանը: